ԳլխավորԼուր

Մեկնարկեց ամառային զորակոչը Վանաձորում

Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկները՝ Վանաձոր խոշորացված համայնքից, հայտնում են Լոռու մարզպետարանից։

Վանաձորի Կոտրած եկեղեցու տարածքից նորակոչիկներին հանդիսավորությամբ ճանապարհելու էին եկել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:

Զորակոչիկներին օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը տղաներին մաղթեց առողջություն, խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:

Նորակոչիկները ստացան նվեր-պարագաներ, աղոթագրքեր և խաչեր, որից հետո, հրաժեշտ տալով հարազատներին, ուղևորվեցին կենտրոնական հավաքակայան։