ԳլխավորԿրթություն

Արագ ընթերցանության գաղտնիքները. «Մեդիամաքս»

Մեր ընթերցանության արագությանը հիմնականում սահմանափակվում է երեք գործոնով, նշում է mediamax.am-ը։ Առաջինը մեր ընկալման արագությունն է, որը շատ հաճախ կախված է տեքստի բարդությունից։ Այդ խնդրին կանդրադառնանք վերջում։ Սակայն մեր ընթերցած տեքստերի զգալի մասը ընկալման տեսակետից բարդ չեն, բայց՝ ծավալուն: Այստեղ գալիս են մնացած երկու գործոնները։ Առաջինը՝ մեր բանավոր խոսքի արագությունն է։ Անգամ եթե մենք լուռ ենք ընթերցում, մեր ձայնալարերը շարունակում են աշխատել եւ անլսելի կերպով արտաբերել կարդացածը։ Դա մանկուց եկած սովորություն է, քանի որ հենց այդպես ենք սովորել կարդալ։ Երրորդ գործոնն էլ տողի երկայնքով մեր հայացքի շարժման արագությունն է։

Ուրեմն, եթե ցանկանում ենք ավելի արագ ընթերցել, պետք է հաղթահարենք այս երեք գործոնները։ Դրա համար կարելի է կիրառել որոշ հնարքներ, կատարել վարժություններ եւ գործադրել ընթերցելու տարբեր մարտավարություններ՝ ելնելով ձեր նպատակից։ Քանի որ քննարկման առարկան շատ լայն է, իսկ բոլոր միջոցներին մեկ սյունակում անդրադառնալ հնարավոր չէ, կխոսենք միայն մի քանիսի մասին։

Սկսենք խոսքի արագությունից։ Կա մի պարզ վարժություն, որի միջոցով կարելի է խզել ընթերցելու եւ արտասանելու միջեւ կապը եւ դրանով ազատել ընթերցանությունը բանավոր խոսքի արագության սահմանափակումից։ Վերցնում եք մի պարզ արտահայտություն, բաղկացած մի քանի բառից, կարելի է՝ օտար լեզվով։ Օրինակ՝ «ես պարում եմ»։ Ընտրում եք ոչ շատ բարդ տեքստ, եւ ընթերցելուց առաջ սկսում եք բարձրաձայն կրկնել ձեր ընտրած արտահայտությունը։ Մոտ 10 կրկնությունից հետո, երբ արդեն կվարժվեք առանց կենտրոնանալու այդ արտահայտությունը արտաբերելուն, զուգահեռ փորձում եք մտքում կարդալ տեքստը, բայց չեք դադարում կրկնել այդ նույն արտահայտությունը։ Սկզբում այս վարժությունը շատ դժվար կթվա, սակայն եթե ամեն օր դրան տրամադրեք 10–15 րոպե, մեկ շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց կունենաք։ Համոզվելու համար չափեք ձեր ընթերցելու արագությունը սկզբում (այն, հավանաբար, կկազմի մոտ 100–150 բառ րոպեում) եւ մեկ շաբաթ հետո։ Շատ հավանական է, որ ձեր ընթերցելու արագությունը գրեթե կկրկնապատկվի։ Սակայն, որպեսզի այդ ձեռքբերումը ամրապնդվի, դեռ որոշ ժամանակ պետք է աշխատեք, որպեսզի չվերադառնաք նախկինի սովորությանը։ Հնարավոր է, որ ստիպված լինեք ժամանակ առ ժամանակ կրկնել այս նույն վարժությունը հմտությունը վերականգնելու համար։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here