Լուր

Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտեց 11 սան

Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտեց 11 սան

Հունիսի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2024-2025 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայր Շահեն իր խոսքում հորդորեց ճեմարանավարտ սաներին լինել խիզախ ու քաջ զինվորները Քրիստոսի Սուրբ Եկեղեցու՝ պատրաստ իրենց կյանքի գնով պաշտպանելու նախնիների սրբություններն ու արժեքները։

Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք ուղղեց պ․գ․թ․ Ավետիս Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան բարեշնորհ Արման սարկավագ Բաղդասարյանը։

Հանդիսության ընթացքում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ պարգևներ հանձնվեցին ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Հանդիսությունը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով:

2024-2025 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 11 սան: