Կյանքից հեռացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։ Նա 93 տարեկան էր։
Իլյա Երկրորդը ստամոքսի արյունահոսությամբ անցած գիշեր տեղափոխվել էր Կովկասյան բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր, նա միացված էր արհեստական շնչառության սարքին։
Մինչև նոր առաջնորդի ընտրությունը Վրաց ուղղափառ եկեղեցին կղեկավարի պատրիարքական աթոռի փոխանորդ Շիո Մուջիրին:
Իլյա Երկրորդը (աշխարհիկ անուն՝ Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին։ Նա վրաց ուղղափառ եկեղեցին գլխավորում էր 1977 թ.-ից՝ Դավիթ Ե կաթողիկոս-պատրիարքի մահից հետո։
Իլյա Երկրորդի օրոք 1980-ականներին Վրաստանում ուղղափառությունը վերածնունդ ապրեց: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Վրաստանի թեմերի թիվը հասել է 42-ի։ 1977 թվականին Վրաստանում կար ընդամենը 48 գործող տաճար, այժմ դրանց թիվը մոտ 1000-ն է։
Նրա օրոք բացվել են նոր հոգևոր ուսումնական հաստատություններ, Թբիլիսիում կառուցվել է Վրաստանի ամենամեծ տաճարը՝ Սուրբ Երրորդության հայրապետական տաճարը։



