Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, կազմակերպել է Ամառային առցանց ճամբարի կրթական ծրագիրը՝ նախատեսված Երևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վանաձորի, Գյումրու, Գորիսի և հարակից բնակավայրերի հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարաններում սովորողների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Ճամբարի մասնակիցներին կներկայացվեն ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն և քիմիա առարկաներից նյութեր՝ կազմված նորարարական մանկավարժության մեթոդներով, նրանց նաև խորհրդատվություն կտրամադրվի մասնագիտական կողմնորոշման թեմայով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեսաուղերձով ողջունել է «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարի մեկնարկը: Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ նա նշել է, որ, չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է կրթության բարեփոխումների ռազմավարական գործընթացը, որտեղ հանրակրթության բովանդակային փոփոխությունները առանցքային նշանակություն ունեն։
Ճամբարի մեկնարկը տեսաուղերձով ողջունել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին և ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը:
«ԳիտՍԵՐունդ» ծրագրի նպատակն է բարելավել բնագիտամաթեմատիկական կրթության որակը միջնակարգ և ավագ դպրոցներում, մեծացնել ուսանողների քանակը բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ծրագրի շրջանակում մշակվել են դասավանդման նոր ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ուսուցիչներին բարձրացնել ուսուցման արդյունավետությունը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։