ԳլխավորԼուր

ԵՊՀ կառուցվածքում փոփոխություններ կկատարվեն

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում հունվարի 14-ին տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ՝ օրակարգային 5 և ընթացիկ հարցերով:

Նախքան նիստի առաջարկված օրակարգի հաստատումը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրել է իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

ԵՊՀ ռեկտորը մասնավորապես տեղեկացրել է, որ ձեռք են բերվել տասը նոր «Clevertouch» ինտերակտիվ էկրաններ, որոնք նպաստելու են ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը, իսկ համալսարանի բոլոր մասնաշենքերը և հարակից տարածքները չափագրվել են՝ հետագայում տարածքն ավելի շահավետ օգտագործելու նպատակով:

Հովհաննես Հովհաննիսյանը գիտխորհրդին է ներկայացրել ԵՊՀ կառուցվածքում փոփոխությունների փաթեթը, որը հաստատման դեպքում ներկայացվելու է Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:

Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ առաջարկվում է Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչությունը բաժանման եղանակով վերակազմակերպել Անձնակազմի կառավարման բաժնի և Իրավաբանական ծառայության, Մինչհամալսարանական կրթության վարչությունը՝ Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժինը՝ Դոկտորական կրթության կենտրոնի, Հանրային կապերի ծառայությունը՝ Հանրային կապերի և մարքեթինգի վարչության, Հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը՝ Շարունակական կրթության կենտրոնի:

Բացի դրանից՝ առաջարկվում է ստեղծել Ռազմավարական պլանավորման կենտրոն ու լուծարել Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության շտաբը, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» հետազոտական կենտրոնը:

Փոփոխությունների ներկայացված առաջարկությունների վերաբերյալ քննարկումներից, ելույթներից ու պարզաբանումներից հետո գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատել է ներկայացված փոփոխությունների նախագիծը Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելու հարցը: