ԳլխավորԼուր

ԵՊՀ են այցելել Երևանի թիվ 148 ավագ դպրոցի աշակերտները

Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու Ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ են այցելել Երևանի թիվ 148 ավագ դպրոցի աշակերտները, հայտնում են բուհի լրատվականից:

Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը ցուցադրեց բուհի պատմության վերաբերյալ տեսանյութ, որից հետո սկսվեց «Ավելորդ մարդու կերպարը ռուս գրականության մեջ» թեմայի քննարկումը:

Հանդիպման մասնակիցները վերլուծեցին ռուս գրականության մեջ «ավելորդ մարդու» թեմայի ծագման և զարգացման խնդիրները, «ավելորդ մարդու կերպարը» Պուշկինի, Տուրգենևի և Լերմոնտովի ստեղծագործություններում:

Նման այցերի ժամանակ, բացի թեմայի վերաբերյալ սեփական գիտելիքները ստուգելուց, աշակերտները հնարավորություն են ստանում լսել մասնագիտական կարծիքներ:

Դպրոցի Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Մկրտչյանն ընդգծեց թեմայի արդիականությունը. «Հենց այս տարիքում է սկսվում մարդու ինքնաճանաչումը. «ավելորդ» չլինելու համար նա պետք է առաջին հերթին հասկանա ինքն իրեն ու սահմանի սեփական սկզբունքները»: