ԳլխավորԼուր

ՀՊՏՀ ուսանողները մասնակցել են միջազգային դասընթացի

ՀՊՏՀ ուսանողները Վրաստանում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի արդյունավետ համագործակցությունն առանձնացավ հերթական հետաքրքիր իրադարձությամբ։

Ապրիլի 1-ից 10-ը Քոբուլեթիում (Վրաստան) կայացած Equality, Equity and Justice («Հավասարություն, անաչառություն և արդարություն») խորագրով միջազգային դասընթացին մասնակցություն ունեցան ՀՊՏՀ «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Մեսրոպ Հայրապետյանը և Անժելա Վարդանյանը, «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Սուսաննա Հակոբյանը և Ռոզա Աբրահամյանը, նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մերի Բաղդասարյանը, ինչպես նաև 1-ին կուրսի մագիստրանտ Կարեն Եղոյանը։

Դասընթացի մասնակիցների թվում եղել են տարբեր երկրներից ժամանած պատվիրակներ, որոնց հետ ՀՊՏՀ ուսանողներն ակտիվ շփումներ են ունեցել, բարեկամական և մասնագիտական կապեր ու ծանոթություններ հաստատել, փոխանակել գաղափարներ ու փորձ, իսկ միջմշակութային երեկոներին նրանց ծանոթացրել հայկական ազգային ավանդույթներին, բարքերին, ուտեստներին, երգ ու պարին։

ՀՊՏՀ ուսանողները Վրաստանում

Մասնակիցներից շատերի համար սա առաջին փոխանակման ծրագիրն էր, և անգլերենի փայլուն իմացությունն օգնել է ոչ միայն թեմատիկ դասախոսությունները յուրացնել, այլև ազատորեն հաղորդակցվել մասնակիցների հետ։

Դասընթացին ակտիվ մասնակցության համար ուսանողները ստացել են հավաստագրեր, ուղևորության ընթացքում շրջագայել Քոբուլեթի և Բաթումի քաղաքներով, հարակից տեսարժան վայրերով, Վրաստանից վերադարձել վառ ու անմոռաց տպավորություններով։