Usanogh.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը։ Այս անգամ շարքի հյուրն է երգչուհի, թարգմանչուհի Արփին է (Արփի Շահնուբարյան):
Ուսանել է Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի թարգմանչական բաժնում։ Նրա խոսքով` ուսանողական տարիների սկզբնական շրջանում իր համար բավական դժվար է եղել ադապտացվել և ինտեգրվել քաղաքային կյանքին, և ինքն իր մեջ բավական կոմպլեքսներ է հաղթահարել: Նշենք, որ Արփին Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղից է:
«Չափազանց ամաչկոտ եմ եղել, մի շարք խոչընդոտներ եմ հաղթահարել, 100-ից ավելի ուսանողներով հոսքի առջև ամբիոնից ելույթ ունենալը, դաս պատասխանելը սկզբում ինձ համար խնդիր է եղել: Հետագայում արդեն թարգմանչական մեր խմբով շատ մտերմացանք, ունեցանք մեր մտերիմ ընկերների շրջանակը, այդ թվում` դիզայներ Վահան Խաչատրյանը, ում հետ նույն խմբից էինք: Աստիճանաբար այնքան ձուլվեցի միջավայրին, որ ամառներն արդեն երազում էի, թե երբ է սեպտեմբերը գալու, որ գնամ դասի»:
Արփին հիշում է, որ երբ առաջին կուրսում ամեն մեկը պատմում էր իր նախասիրությունների մասին, ինքն ասել է, որ սիրում է բանաստեղծություններ գրել և երգում է.
«Արդեն վերջին` չորրորդ կուրսում, ցերեկույթ պետք է լիներ, կուրսեցիներս, հիշելով, որ ես լավ եմ երգում, մի կերպ համոզեցին, որ անպայման ելույթ ունենամ: Երգեցի Սելին Դիոնի երգերից, բոլորը հորդորեցին շարունակել երգի ուղին: Այդ ժամանակ դեռ պնդում էի, որ թարգմանությունն է իմը, և ես այդ ճանապարհով եմ առաջ գնալու»: Բայց արդեն չորրորդ կուրսի ավարտին պետական քննությունների ժամանակ թյուրիմացաբար Արփիի մոտ խնդիրներ են առաջացել, արդյունքում նա դուրս է մնացել համալսարանից.
«Գերազանց սովորող ուսանող էի, պարզապես չգիտեի, որ եթե երեք քննություն թողնում ես հետագայում վերահանձնելու, դուրս ես մնում: Իմ կուրսն ավարտեց, իսկ ես երկրորդ անգամ չորրորդ կուրսում նստեցի: Այդ ժամանակ շատ կոտրված էի, և ինքս ինձ ապացուցելու համար, որ ոչինչ կորած չէ, վրաս մի ուժ իջավ, որոշեցի փորձել ինձ երգարվեստում: Վահան Խաչատրյանի հորդորով գնացի Նադեժդա Սարգսյանի մոտ` «Դո, ռե, մի», և այդտեղից սկսվեց իմ երաժշտական ճանապարհի սկիզբը»,-պատմում է Արփին:
Նա նշում է, որ հենց այդ ժամանակ է հասկացել` չկա չարիք` առանց բարիքի:
Արփին բոլոր ուսանողներին հորդորում է որևէ պարագայում չհուսահատվել և կանգ չառնել դեպի երազանք տանող ճանապարհին:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ