Ավարտական քննություններում մի քանի առարկաների մասով իրականացվել են որոշ փոփոխություններ: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
«Չորրորդ դասարանում գիտելիքների ստուգումն իրականացվում է արտաքին գնահատման միջոցով։ Մայիս ամսին անցկացվում է միասնական թեստ, որը ներառում է երեք առարկա՝ «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը», ասաց Սվաջյանը։
Փոփոխություններ են կատարվել նաև 9-րդ դասարանի քննությունների ձևաչափում։ Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներից աշակերտները հնարավորություն ունեն ընտրելու՝ անցկացնել թեստային քննություն, թե ներկայացնել նախագծային աշխատանք։
9-րդ դասարանում նոր ձևաչափ է ներդրվել նաև «Պատմություն» և «Գրականություն» առարկաների քննությունների համար։ Աշակերտները գրում են էսսե, որտեղ փորձում են կապել պատմական իրադարձությունները և գրական ստեղծագործություններում արտացոլված իրավիճակները՝ դրսևորելով վերլուծական, քննադատական և ստեղծագործական մտածողություն։
«Մյուս բոլոր առարկաների քննությունները 9-րդ և 12-րդ դասարաններում պահպանվել են նախորդ ձևաչափով, սակայն առաջադրանքների բնույթը որոշ չափով փոխվել է՝ ներառելով գործնական կարողությունները և հմտությունները ստուգող առաջադրանքներ»,-ասաց նա:
12-րդ դասարանի քննությունները, բացառությամբ Տավուշի մարզի, այս տարի կանցկացվեն հին ձևաչափով, քանի որ հանրակրթության նոր չափորոշիչը դեռևս ամբողջությամբ չի ներդրվել։ Հաջորդ տարվանից այդ քննությունները նույնպես կկազմակերպվեն նոր ձևաչափով:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



