Հանրակրթական բոլոր դպրոցները փուլային եղանակով կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության ներքո, 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ուղիղ եթերում պատասխանելով ուսուցիչների հարցերին, հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, հայտնում են նախարարությունից։
Նա տեղեկացրել է՝ հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը երկար ժամանակ քննարկման փուլում էր, արդեն հաստատվել է կառավարության կողմից և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանին՝ վերջնական հաստատման համար։
Ըստ նախագծի՝ դպրոցների վարչատնտեսական կառավարումը կշարունակի մնալ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ենթակայությամբ։ Նախատեսվում է, որ մարզպետարանների ենթակայությամբ գործող դպրոցները 2026 թվականի սեպտեմբերից կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարությանը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների փոխանցումը կիրականացվի 2027 թվականից։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։
Նախարարի տեղակալը նաև նշել է՝ «Կրթության մասին» օրենքում նույնպես կատարվել են փոփոխություններ՝ միավորելով հավաստագրման մոտեցումները։ Նախատեսվում է ենթաօրենսդրական ակտ, որը հնարավորություն կտա մեկ հավաստագրման գործընթաց անցնելով՝ մասնակցել նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենի մրցույթներին։ Բացի այդ, նվազեցվել են հավաստագրման դիմելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի պահանջները։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



