Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մեքենաներում լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ խլացուցիչներ տեղադրած վարորդներին տուգանելու մասին օրինագիծը։ Խորհրդարանը 60 կողմ, 1 դեմ և 27 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Այս նախագծով նախատեսվում է խախտման համար կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, սարքավորումների բռնագրավում և տուգանային 2 միավորի իջեցում։
Խախտումը կարձանագրվի տեխզննման ժամանակ, որտեղ բացի գործարանային սարքերից, մնացած ամեն ինչ, եթե ստանդարտին չի համապատասխանում ու ակնհայտ է, որ լրացուցիչ սարքավորում է, կհանվի մեքենայի վրայից։



