ԱՄՆ–ն Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել, «Truth Social» սոցցանցում տեղադրված ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը ռազմական խոշոր գործողություններ են սկսել Իրանում։ Մենք պատրաստվում ենք ոչնչացնել նրանց ռազմածովային նավատորմը։
Նա նաև հայտարարել է, որ Իրանը մշակում է հեռահար հրթիռներ, որոնք սպառնալիք են ԱՄՆ-ի և այլ երկրների համար: Թրամփն ընդգծել է, որ գործողության ընթացքում ամերիկյան ուժերը մտադիր են ոչնչացնել իրանական հրթիռները, քանի որ «Իրանական ռեժիմի գործունեությունն ուղղակիորեն սպառնում է Միացյալ Նահանգներին, մեր զորքերին, արտերկրում գտնվող մեր բազաներին և ամբողջ աշխարհի մեր դաշնակիցներին»։
Նա Իրանին մեղադրել է Մերձավոր արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի, ինչպես նաև միջազգային ծովային ուղիներում ամերիկյան ռազմածովային և առևտրային նավերի վրա բազմաթիվ հարձակումների մեջ:
«Միացյալ Նահանգների, մասնավորապես իմ վարչակազմի քաղաքականությունը միշտ եղել է այն, որ այդ ահաբեկչական ռեժիմը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ: Կրկնում եմ` նրանք երբեք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Հենց այդ պատճառով անցյալ տարվա հունիսին «Կեսգիշերային մուրճ» գործողության ընթացքում մենք ոչնչացրեցինք ռեժիմի միջուկային ծրագիրը Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում»,– ասել է նա։
Ըստ Թրամփի` ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին, որ երբեք չվերսկսի միջուկային զենք ձեռք բերելու ձգտումները, և բազմիցս փորձել է գործարք կնքել:
«Նրանք չուզեցին դա անել։ Նրանք մերժեցին իրենց միջուկային հավակնություններից հրաժարվելու յուրաքանչյուր հնարավորություն, և մենք այլևս չենք կարող դա հանդուրժել», — հայտարարել Է Թրամփը:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանին «կանխարգելիչ» հարված է հասցվել։ Իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։
Իրանը արդեն պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին։



