2025 թվականի դրությամբ քոլեջներում սովորում էին ավելի քան 47 700 ուսանողներ, որը 2021 թվականի նկատմամբ 27.5 տոկոս ավելի է. ընդունելության ցուցանիշը բարելավվել է 29 տոկոսով: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2025 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետու զեկույցը։
Աճը հատկապես զգալի է գերակա մասնագիտություններով, որտեղ արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ուղղություններով տրվում է 50 000 դրամ կրթաթոշակ․ ծրագրի շահառու են ավելի քան 3000 ուսանողներ:
Շարունակվում են դուալ կրթության ներդրումը և մասնավոր հատվածի հետ աշխատանքը։
Նախարարը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի բուհեր ընդունվել է 10 970 առաջինկուրսեցի, որից 59 տոկոսը ԲՏՃՄ ուղղություններով է։ Օտարերկրյա ուսանողների ընդունելությունն իրականացվել է թվային հարթակով: Արդյունքում՝ միայն օտարազգի քաղաքացիների հայտերը նախորդ տարվա համեմատ աճել են 90 տոկոսով։
Բարելավվել է դպրոց ընդունելության էլեկտրոնային գործընթացը, ինչը նշանակում է՝ 2026 թվականից արդեն ծնողը երեխային գրանցելիս ստիպված չի լինի մինչև վեց փաստաթուղթ ներկայացնել. ինքնաշխատ եղանակով տվյալները կստացվեն տարբեր համակարգերից և կստուգվեն։ Բացառվել են նաև մանկապարտեզ հաճախած երեխաների տվյալների կրկնակի մուտքագրման խնդիրները։
Այս տարի կթվայնացվի նաև ավագ դպրոցի ընդունելությունը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



