ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգերն և չափերը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կառավարության ծրագրով և «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» կարևորագույն թիրախ է սահմանվել, որ կրթության տարբեր մակարդակներում պետք է գործի մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ. «Այդ համակարգն արդեն իսկ գործում է դպրոցներում և մանկապարտեզներում. այս նախագծով դա նաև իրականություն է դառնում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: Մասնավորապես՝ այս տարվա փետրվարին նախարարի համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը:
Դրա հիման վրա այս տարի արդեն չորս ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել է ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 361 աշխատակից: Այս տարվա նոյեմբերի 30-ին վերջիններիս համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները, կարգի համաձայն, կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին: Նախնական արդյունքները, սակայն, ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման անցողիկ շեմը և ապահովել վարձատրության բարելավում»:
Նախարարը տեղեկացրել է, որ կառավարության որոշման նախագծով սահմանվում են ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համահունչ են դպրոցների ուսուցիչների համար գործող խրախուսման համակարգին: Մասնավորապես՝ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվում է 200000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության պարագայում: 70 տոկոս ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաև հավելավճարներ՝ 70-79 տոկոսի համար 30 տոկոս, 80-90 տոկոսի դեպքում՝ 40 տոկոս և 90-100 տոկոս արդյունքի պարագայում՝ 50 տոկոս հավելավճար, որը գումարվում է 200000 դրամ դրույքաչափին:
Ամբողջությամբ՝ այստեղ։