ԳլխավորԼուր

Ատեստավորվում են արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողները

Ուսումնարանների մանկավարժական աշխատողները պարտադիր ատեստավորման ժամանակ

Այսօր մեկնարկել է (առաջին անգամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորման գործընթացը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Քննական 3 կենտրոններում ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների ատեստավորման գործընթացն իրականացվել է 4 ուղղություններով՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն և խոհարարություն: Ընդհանուր առմամբ՝ ատեստավորվող մասնագետների թիվը 361-ն է:

Մինչ ատեստավորման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է քննասենյակներում, զրուցել մանկավարժների հետ: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ արդյունավե՞տ էին արդյոք վերապատրաստման դասընթացները, ինչ ակնկալիքներ ու առաջարկներ ունեն մասնագետները գործընթացի վերաբերյալ և այլն:

Նախարարը հաջողություն է մաղթել մասնակիցներին և հույս հայտնել, որ արդյունքները դրական կլինեն:

Նշենք, որ քննական կենտրոնները տեղակայված էին Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ, Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական և Ս. Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցներում:

Ուսումնարանների մանկավարժական աշխատողները պարտադիր ատեստավորման ժամանակՈւսումնարանների մանկավարժական աշխատողները պարտադիր ատեստավորման ժամանակՈւսումնարանների մանկավարժական աշխատողները պարտադիր ատեստավորման ժամանակՈւսումնարանների մանկավարժական աշխատողները պարտադիր ատեստավորման ժամանակ