Սիրիայի Հալեպ քաղաքը գրեթե գրավվել է թուրքամետ ահաբեկիչների կողմից, հայտնում է Sky News Arabia-ն։
Գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել մի շարք կառավարական շենքեր, ոստիկանության և պետական անվտանգության կենտրոնակայաններ։ Զինյալները նաև բանտերից հարյուրավոր բանտարկյալների են ազատել: Գրոհայինները հաջողություն են գրանցել նաև Իդլիբի արևելքում։
Հայկական թաղամասերում զոհեր կամ վիրավորներ չկան։ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը երեկ շտապ տարհանվել են։
Թուրքամետ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում տասնյակ բնակավայրեր են գրավել։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական հանրակացարանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող (այլ տվյալներով՝ 6 մարդ, որից 4-ը՝ ուսանող)։
Սա 2016 թվականի հրադադարից հետո առաջին խոշոր բախումն է Սիրիայում։