Մայիսի 15-ին Պարսկերենի միջազգային օրվան և իրանական էպոսի հեղինակ Հաքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսիի մեծարմանը զուգահեռ, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի համագործակցությամբ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Ֆիրդուսի» հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Իրանի գրական ժառանգությունը և Ֆիրդուսին» խորագրով գիտամշակութային համաժողովը։
Համաժողովի քննարկումների առանցքում «Շահնամեի» դերակատարումն էր պարսկերենի պահպանման, իրանական ինքնության հաստատման և «մշակութային Իրանի» պատմական շարունակականության համատեքստում, ինչպես նաև հերոսապատման, դիմադրության և ռացիոնալիզմի հայեցակարգերի վերլուծությունը Ֆիրդուսիի մտակառուցվածքում։
Գիտաժողովի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հաքիմ Ֆիրդուսիի հիշատակը և Իրանի քաղաքակրթական ժառանգությունը՝ վերահաստատելով «Շահնամեի» կարգավիճակը՝ որպես իրանական աշխարհի մշակութային ինքնության առանցքային հիմնասյուն։ Պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն իր զեկույցում էպոսը բնութագրեց որպես «համաշխարհային ֆենոմեն» և «իրանցի ազգի անկոտրում ոգու արտացոլում»՝ շեշտելով, որ Ֆիրդուսիի հանճարը փրկեց իրանցի ժողովրդին մշակութային ձուլումից՝ ազդարարելով Իրանի քաղաքակրթական վերածնունդը։ Հղում անելով մեծն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տեսակետին՝ պրոֆեսորը «Շահնամեն» դիտարկեց որպես իրանցի ազգի պատմական հիշողության, մշակութային կերպարի և ճակատագրի գեղարվեստական մարմնավորում։
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Խալիլ Շիրղոլամին անդրադարձավ էպոսի պատմական դերին իրանական ինքնության ինստիտուցիոնալացման գործում․ «Իրանցի ազգի դիմադրության հերոսապատումը արմատավորված է այս երկրի հազարամյակների մշակույթի և քաղաքակրթության մեջ և Ֆիրդուսին Իրանի բոլոր մշակութային գործիչների շարքում բացառիկ դերակատարում ունի այդ ինքնության պահպանման հարցում»։ Դեսպանն ընդգծեց, որ Ֆիրդուսին Իրանը դիտարկում է ոչ թե լոկ որպես քաղաքական միավոր, այլ որպես ընդհանուր քաղաքակրթական և պատմական տիրույթ։ Նա հատուկ շեշտադրեց հայ-իրանական պատմամշակութային աղերսները «Շահնամեում»՝ փաստելով, որ հեղինակը հայ ռազմիկներին հիշատակում է որպես քաջարի մարտիկներ և իրանական բանակի հուսալի դաշնակիցներ, ինչը վկայում է երկու ժողովուրդների հարաբերությունների խորքային հիմքերի մասին։
ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի խորհրդական, դոկտոր Մուհամմադ Ասադի Մովահեդը «Շահնամեն» ներկայացրեց որպես լեզվական ինքնապաշտպանության և իմաստնության բացառիկ սինթեզ։ Նա փաստեց, որ Ֆիրդուսիի իրականացրած «բառապաշարային ճարտարագիտությունը» վճռորոշ նշանակություն ունեցավ ազգային մշակութային ինքնավստահության վերականգնման համար՝ լեզվի պահպանությունը դասելով պատմական հիշողության անխաթարության գլխավոր նախապայմանների շարքին։ Բանախոսն առանձնակի անդրադարձավ բանականության կենտրոնականությանը Ֆիրդուսիի փիլիսոփայության մեջ․ ի տարբերություն սոսկ ուժի վրա հիմնված էպոսների, «Շահնամեում» իմաստնությունը բարոյական հենարան է և բարին ու չարը տարբերակող աքսիոլոգիական չափանիշ։ Եզրափակելով՝ Ասադի Մովահեդը մեջբերեց Ֆիրդուսիի պատգամը՝ լեզուն դիտարկել որպես ազգի մշակութային մարմին, իսկ բանականությունը՝ նրա կենսատու հոգի։
Ակադեմիական զեկույցների շրջանակում պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը վերլուծեց «Իրանզամին» և «Իրանշահր» հասկացությունների քաղաքակրթական բովանդակությունը՝ հիմնավորելով դրանց պատմական էվոլյուցիան։ Իրանագիտության ամբիոնի դասախոս, դոցենտ Արտյոմ Տոնոյանն անդրադարձավ Արևելյան Կովկասի անձնանունների համակարգում «շاهնամեական» ավանդույթների պահպանմանը, ինչը տարածաշրջանի ինքնության իրանական շերտի աներկբա ապացույցն է։ Իսկ դոցենտ Թերեզա Ամրյանը վերլուծեց քրդական բանավոր և գրավոր գրականության մեջ Ռոստամի կերպարի ազդեցության աստիճանը։
Միջոցառման մշակութային հատվածում իրանագիտության ամբիոնի ուսանողները պարսկերենով ներկայացրին հատվածներ էպոսից և Ֆիրդուսի հանճարին ձոնված բանաստեղծություններ։ Համաժողովի ավարտին ԻԻՀ դեսպանի և Մշակույթի կենտրոնի անունից ԵՊՀ իրանագիտության ամբիոնին նվիրեց «Շահնամեի» բացառիկ և շքեղ հրատարակությունը՝ որպես հայ-իրանական գիտական և մշակութային անխզելի կապերի խորհրդանիշ։
Կազմակերպիչները վերահաստատեցին, որ Ֆիրդուսիի ժառանգությունը ոչ միայն պատմական արժեք է, այլև կենսունակ հարթակ՝ երկու երկրների միջև քաղաքակրթական երկխոսության և գիտական փոխհամագործակցության հետագա ընդլայնման համար։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



