Հիպերտոնիայի (զարկերակային գերճնշման) դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 17-ին, հայտնում են ԵՊԲՀ-ից։
Այս նախաձեռնությունը սկսվել է 2005 թվականից՝ Հիպերտոնիայի համաշխարհային լիգայի կողմից, և նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը «լուռ մարդասպան» հանդիսացող այս հիվանդության վերաբերյալ։
Օրվա թեման է՝ «Միասին վերահսկենք հիպերտոնիան. պարբերաբար ստուգե՛ք ձեր արյան ճնշումը, հաղթե՛ք լուռ մարդասպանին»:
Հիպերտոնիան վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում, այն սիրտ-անոթային հիվանդությունների (ինսուլտ, սրտի կաթված) գլխավոր պատճառներից է, ուստի այս օրը կարևորում է վաղ ախտորոշումը։
Հիպերտոնիան կամ զարկերակային գերճնշումը ժամանակակից բժշկության ամենալուրջ մարտահրավերներից է, որը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ այն երկար ժամանակ կարող է ընթանալ առանց տեսանելի ախտանիշների։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և վերջին գիտական հետազոտությունների 2024 թվականի տվյալներով աշխարհում 30-79 տարեկան շուրջ 1.4 միլիարդ մարդ ապրում է հիպերտոնիայով, որը կազմում է տվյալ տարիքային խմբի բնակչության 33%-ը։
Հիպերտոնիկների մոտ 44%-ը կամ շուրջ 600 միլիոն մարդ չգիտի իր հիվանդության մասին։ 46%-ին կամ 630 միլիոնին է հաջողվում ախտորոշել և բուժել գերճնշումը և պացիենտների միայն 23%-ին կամ 320 միլիոնին է հաջողվում արդյունավետորեն վերահսկել զարկերակային ճնշումը թիրախային մակարդակում։
30-79 տարեկան հիպերտոնիա ունեցող մեծահասակների երկու երրորդը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Յուրաքանչյուր տարի աշխարհում գերճնշումային հիվանդության պատճառով ավելի քան 9.4 միլիոն մարդ է մահանում։ Գերճնշումային հիվանդության հետ են կապում ՍԱՀ-ից մահվան բոլոր դեպքերի 20-50% և ընդհանուր մահվան դեպքերի 13%-ը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



