Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա կարգախոսն է` «Այո, մենք կարող ենք վերջ տալ տուբերկուլոզին», հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Տուբերկուլոզի հակազդման 2021-2025թթ. ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում` 2023թ. հիվանդացության ցուցանիշը 13.5 է` 100 հազար բնակչի հաշվով, 2015թ. համեմատ նվազել է 63%-ով:
Մահացության ցուցանիշը կազմել է 1.0, նախորդ տարվա համեմատ նվազել է 14%-ով:
Ակտիվ տուբերկուլոզով հիվանդանալը, վարակվելը, բուժման արդյունավետությունը կախված են տարբեր սոցիալական և ռիսկային գործոններից, ինչպիսիքն են` թերսնուցումը, վատ կենսապայմանները, աղքատությունը, սոցիալ-հոգեբանական իրավիճակները:
Հիվանդության հիմնական ախտանիշների` 2 շաբաթ և ավելի տևողությամբ հազի, խորխարտադրության, թուլության, ախորժակի կորստի, քաշի անկման, գիշերային քրտնարտադրության, մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է դիմել պոլիկլինիկա, որտեղ կիրականացվեն առաջնային հետազոտություններ ընտանեկան բժիշկների, թերապևտների կողմից, իսկ ցուցումների դեպքում կուղեգրվեն մասնագիտական կենտրոններ։
ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնը համարվում է մեր երկրի միակ տուբերկուլոզային բազմապրոֆիլային կենտրոնը, որի հիմնական նպատակն է արագ, ճշգրիտ ախտորոշել տուբերկուլոզը, իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում և կյանքի կոչել տուբերկուլոզի ռազմավարական ծրագիրը։
ՏԲ-ն կանխարգելելի և բուժելի հիվանդություն է, բայց մնում է հանրային առողջապահական գերակա խնդիրներից մեկը:
Տուբերկուլոզի բուժումը և հայտնաբերումը մեր երկրում անվճար է` իրականցվում է պետական պատվերի շրջանակներում։
Հավելենք, որ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ տուբերկուլոզի 472 դեպք, որից 349-ը՝ թոքային, իսկ 123-ը՝ արտաթոքային։