Թումո լաբերը, Granatus Ventures-ը և Vivan Therapeutics-ը միավորվում են մի նախագծի շուրջ, որի նպատակն է մշակել ծրագիր, որը հիմնվելով հիվանդի գենետիկ տվյալների վրա՝ մեքենայական ուսուցման միջոցով անհատականացված բուժման տարբերակներ կառաջարկի։
Ստեղծելով front-end, մեքենայական ուսուցման մոդել և API-ներ՝ նախագծի մասնակիցները գործնական փորձ և ծրագրի բետա տարբերակը պետք է ստանան։
Ծրագիրը կհամադրի հիվանդի գենետիկական հաջորդականության տվյալներն արդեն առկա գիտելիքների հետ՝ բուժման մեթոդներ առաջարկելով։
Vivan Therapeutics-ը բրիտանական ընկերություն է, որը հեղափոխիչ գործունեություն է ծավալում քաղցկեղի բուժման գործում։ Ընկերությունն անհատականացված ախտորոշման և կլինիկական որոշումների աջակցության նոր կարգ է սահմանել՝ քաղցկեղով ապրող մարդկանց բուժման ավելի արդյունավետ տարբերակներ առաջարկելու համար։ Նյու Յորքի Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի հետ համատեղ մշակված այս տեխնոլոգիան խոստումնալից ներուժ ունի քաղցկեղի բուժման, դեղամիջոցների հայտնաբերման ու մշակման հարցում։
Նախագծի սկիզբը 2024-ի մայիսին է, տևողությունը` 6 ամիս օֆլայն ձևաչափով, լեզուն` հայերեն։ Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 20-ն է։ Մասնակցությունն անվճար է:
Ծրագրին կարող են դիմել 18 տարեկանը լրացած անձիք, ովքեր կրթություն են ստացել կամ ստանում հետևյալ բնագավառներից որևէ մեկում՝ մաթեմատիկա, համակարգչային գիտություն, վիճակագրություն կամ կենսաինֆորմատիկա։ Դիմորդները պետք է մեծ հետաքրքրություն ունենան բիոինֆորմատիկայի կամ մեքենայական ուսուցման հանդեպ, ինչպես նաև ծրագրավորման որևէ լեզվի կիրառման որոշակի փորձ։