«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։ Նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Զվարթնոցի տաճարի լուսավորության նախագծի շուրջ մասնագետներն աշխատել են մոտ երեք տարի: Նախագիծն իրականացրել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը․ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 26 մլն 205 հազար դրամ (19 մլն 800 հազար դրամ՝ պետական բյուջեից, 6 մլն 405 հազար դրամ՝ ՊՈԱԿ-ի արտաբյուջեից)։
Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում վերջին երեք տարիներին պետական միջոցներով մոտ 170 միլիոն դրամի ներդրում է իրականացվել. ամբողջությամբ փոխվել են սալահատակը, ոռոգման համակարգը, վերականգնվել է հնձանը, նորոգվել է Զվարթնոցի թանգարանի շենքի տանիքը, իրականացվել է լուսավորության նախագիծը, նախատեսվում են նաև այլ աշխատանքներ:
Նրա խոսքով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում, 2025-ի առաջին կիսամյակի հետ համեմատ, մոտ 15%-ով ավելացել է այցելուների թիվը:
Միջոցառման ընթացքում լուսային նորարարական լուծումների, ինստալացիաների և անիմացիայի համադրմամբ ներկայացվել է Զվարթնոցի տաճարի հարուստ պատմությունը։ Տեղի է ունեցել նաև համերգ. հնչել է ջազ երաժշտություն։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







