ԳլխավորԼուր

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հուլիսի 13-ին տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Առաջինը ցուցադրվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրաման։ Ֆիլմը 2025 թվականի օգոստոսին արդեն իսկ բացել է Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը։ Դրանից ի վեր այն ճամփորդել է բազմաթիվ մայրցամաքներով և վերջապես ներկայացվել է Հայաստանում։

Փառատոնի մեկնարկը տրվել է Chora Gavit: A Score for Moving Bodies տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով, որը կինոփառատոնի մուտքը վերածել է ստեղծագործական իրադարձության։ Այն իրականացվել է hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Միջոցառման շրջանակում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Ջեսիքա Հաուսներին է հանձնել «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։ Փառատոնային ծրագրում ընգրկվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Այն կտևի մինչև մինչև հուլիսի 19-ը։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, դեսպաններ, հյուրեր, կինոգործիչներ և կինոսերներ։

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Կինոփառատոնի ծրագիրը՝ այստեղ: