Երևանում հուլիսի 13-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ «Ոսկե ծիրանը» 22-րդ անգամ վերադարձել է հարազատ կինոյի տուն՝ դառնալով մեր կյանքի անբաժանելի մասը։ «Կարծում եմ՝ այլևս չենք պատկերացնում ամառն առանց «Ոսկե ծիրանի». փառատոնը, թերևս, ամենասպասված իրադարձություններից է։ Վստահաբար, «Ոսկե ծիրանը» դարձել է կինոյի աշխարհում մեր փառատոնային անձնագիրը և այցեքարտը, որով կարողանում ենք ներկայանալ աշխարհին։ Սկզբում այդ նախաձեռնությանը գուցե թերահավատորեն են մոտեցել, սակայն այսօր արդեն այն հաստատուն տեղ է գրավել միջազգային տարբեր հարթակներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Փառատոնը բացվել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։
Փանահին համաշխարհային կինոյում ունեցած նշանակալի ավանդի համար փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնել է Ամիր Նադերիին։ Վերջինս Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը։
«Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Նա ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է, ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը:
Տարածաշրջանային ժյուրիի անդամներն են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիր, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:
Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20 -ը։










