ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում հուլիսի 10-ից 17-ն անցկացվել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը:
Հուլիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում հայտարարվել են մրցանակակիրների անունները:
«Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում» «Ոսկե ծիրանի» է արժանացել Լի Ժույծյունի «Հող էիր, հող դարձար» ֆիլմը։ «Արծաթե ծիրան» է ստացել Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Սիրիլ Շեյբլինի «Խմորումը»։
Պետեր վան Բյուրենի անվան «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Քուրդուին Այուբի «Արևը», «Արծաթե ծիրանի»՝ Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։ Հատուկ հիշատակման է արժանացել Զայնե Աքյոլի «Ռոժեքը»։ «FIPRESCI» մրցանակը ստացել է Մահմուդ Ղաֆարիի «Խնձորի օրը»։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Մոհամադռեզա Ֆարզդի «Ենթագումարները»։ «Արծաթե ծիրան» է ստացել Անա Ջեգնարաձեի և Մարիտա Թևձաձեի «Մեռածները կհասկանան» ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել Ահմադ Սալեհի «Գիշերը»։
«Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ» է ստացել Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատեսը» (լավագույն հայկական կարճամետրաժ):
«Խոստում լավագույն մարդասիրական ֆիլմ» հատուկ մրցանակ է ստացել Սիմոն Լերենգ Վիլմոնթի «Բեկորներից հավաքած տունը»։
Մրցանակաբաշխության արարողությանը հաջորդել է Գարին Հովհաննիսյանի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ցուցադրությունը։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն էր իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին էլ «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում ցուցադրվել են շուրջ 100 ֆիլմեր տարբեր ծրագրերի ընթացքում։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին ներկայացվել են ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից:
Փառատոնի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել անվանի կինոգործիչներ Յուրի Երզնկյանի, Լաերտ Վաղարշյանի, Ալեն Ռենեի, Պիեռ Պաոլո Պազոլինիի հոբելյաններին։
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր: