ԳլխավորԼուր

«Երբ որ քամին հանդարտվի»-ն՝ լավագույն ֆիլմ. «Անահիտ»

Հայտնի են ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրն անցկացված «Անահիտ» մրցանակաբաշխության հաղթողները։  Հայկական ազգային կինոաակադեմիայի հիմնած մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ։

«Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն սցենար» և «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգերում հաղթող ճանաչվեց ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը։ Այս ֆիլմում իր խաղացած դերի համար «Լավագույն տղամարդու դերակատարում» մրցանակին արժանացավ դերասան Դավիթ Հակոբյանը։ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում մրցանակը շնորհվեց դերասանուհի Լիլի Էլբակյանին՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար։ Ի դեպ, այս ֆիլմի վրա ստեղծագործական թիմը մոտ 14 տարի է աշխատել։ «Լավագույն օպերատորական աշխատանք» կինոմրցանակը շնորհվեց այս ֆիլմի օպերատոր Հայկ Կիրակոսյանին։

Եվս 2 մրցանակի էլ արժանացավ «Դրախտի դարպասը» ֆիլմը՝ «Լավագույն նկարչական ձևավորում» և «Լավագույն հնչյունային ձեւավորում»։

«Ֆիլմի լավագույն երաժշտություն» ճանաչվեց «Սողոմոնի երգեր»-ինը (Անդրանիկ Բերբերյան)։

«Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչվեց Թամարա Ստեփանյանի և Ստեֆան Ժուրդայնի «Կանանց գյուղը», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»՝ Ալեքսանդր Բաղդասարյանի, Կարինե Սիմոնյանի «Նոր տարվա գոճին», իսկ «Լավագույն անիմացիոն ֆիլմը» Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազն» էր։

«Թովմասյան» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակ շնորհվեց Գուժ Մանուկյանին` կինոյի զարգացման գործում ավանդի համար։

Հավելենք, որ «Անահիտ» կինոմրցանակը հանձնվում է 2 տարին մեկ անգամ։ Առաջին անգամ մրցանակաբաշխությունն անցկացվել է 2017-ին, երկրորդը՝ 2019-ին։ Կորոնավիրուսի համավարակով և հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ 2021-ին մրցանակաբաշխությունը չանցկացվեց։  12 անվանակարգերում լավագույններին ընտրում են ազգային կինոակադեմիայի բոլոր անդամները՝ փակ քվեարկությամբ: