Ամերիկյան Փիթսբուրգում (Փենսիլվանիա նահանգ) հրաձգության հետեւանքով երկու դեռահաս է մահացել, ևս ինը մարդ տուժել է։ Տեղեկությունը հայտնում է Foxnews-ը:
Ոստիկանության նախնական քննության համաձայն՝ կարճաժամկետ վարձակալության տրվող տարածքում երեկույթ է տեղի ունեցել, որին մասնակցել է մինչև 200 մարդ, մեծ մասը՝ անչափահասներ։ Տարածքում մինչև 50 կրակոց է արձակվել, ևս մի քանիսը՝ դրսում։ Նշվում է, որ տուժածները հիվանդանոց են տեղափոխվել։
Ոստիկանությունը հայտնել է, որ արագ արձագանքման ստորաբաժանումները ժամանել են դեպքի վայր, որից հետո եղել են նոր կրակոցներ, «ու նկատվել է, թե ինչպես են երիտասարդները հեռանում ոտքով ու տրանսպորտով»: «Հիվանդանոցում արձանագրվել է երկու տուժածների մահը. երկուսն էլ դեռահասներ էին։ Առնվազն 11 մարդ հրազենային վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ զոհերը», — նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր ոստիկանության կայքում:
Հրաձգության հանգամանքները պարզվում են։