ԳլխավորԼուր

Ամփոփվեցին Կենսաբանության 33-րդ օլիմպիադայի արդյունքները

Ամփոփվեցին Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները։

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 17-ին տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին հաղթողների անունները։

Հայաստանի ներկայացուցիչ, «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Արման Հայրապետյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Ընդհանուր առմամբ շուրջ 145 ԿՄՕ մասնակիցներ, ըստ ցուցաբերած բարձր արդյունքների, միջազգային ժյուրիի գնահատման արդյունքներով նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը օլիմպիադայի մասնակիցներին և հաղթողներին ուղղված խոսքում ընդգծեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր հյուրընկալել ԿՄՕ մասնակիցներին և նպաստել կարևոր միջոցառման կայացմանը, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, խթանել գիտության ոլորտում նրանց հետագա գործունեությունն ու ընդգծել կենսաբանության կարևորությունը:

«Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան իր խոսքում երախտագիտություն հայտնեց Հայաստանի կառավարությանը 2022 թ. Կենսաբանության միջազգային օլիմպիադայի (ԿՄՕ 2022) անցկացմանն աջակցություն ցուցաբերելու, կազմակերպելու և անցկացնելու համար։

Ընդունված արարողակարգի համաձայն՝ տեղի ունեցավ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի գավաթի փոխանցումը։

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կոմիտեի նախագահի տեղակալ Լենկա Լիբուսովան բեմ հրավիրեց օլիմպիադայի կազմակերպիչներին և հայտարարեց, որ 2023 թվականին օլիմպիադան անցկացվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավար, ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանը օլիմպիական գավաթը հանձնեց Միացյալ Արաբական Էմիրությունների ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում էր Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել 64 երկրների աշակերտական թիմեր։