«Հայաստանում սկսվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները։ Դիմորդների մեջ է նաև իմ թոռնուհին, ով դիմել է բժշկական համալսարան և արդեն հանձնել է առաջին քննությունը՝ կենսաբանություն առարկայից»,- ֆեյսբուքյան էջում գրել է հայ արձակագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանը։
«Առայժմ պաշտոնապես հայտարարված չեն քննության արդյունքները, թեև քննությունից հետո (հունիսի 7-ին) տեղեկացվեց, որ արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, այսինքն արդեն իսկ պիտի հրապարակված լինեին։
Անկախ թոռնուհուս ստացած գնահատականից, ուզում եմ բարձրագույն կրթության պատասխանատուների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ քննական հարցաթերթերում տեղ են գտել դպրոցական ծրագրերից դուրս բազմաթիվ հարցեր, որպիսիք կարելի է ասել, սովորաբար դրվում են ոչ թե դիմորդների գիտելիքների մակարդակը ստուգելու, այլ պարզապես նրանց անբավարար գնահատելու համար։
Վստահ եմ, որ նման հարցերը կազմողները միայն մեկ նպատակ են հետապնդում․ որպես կրկնուսույց՝ որքան հնարավոր է շատ աշակերտ հավաքագրել, այն պարագայում, երբ դպրոցական ուսուցումը դարձնելով 12-ամյա, հիմնավորվում է, որ վերջին տարիները առավելաբար օգտագործվելու են երեխաներին իրենց ընտրած մասնագիտությանն առնչվող առարկաների իմացությունները խորացնելու համար։ Վերջապես, ե՞րբ պետք է մեզանում վերջ տրվի այդ ոչ ազնիվ մեթոդներին։
Առաջարկում եմ այդ նույն հարցաթերթիկներով քննություն կազմակերպել դպրոցների կենսաբանության ուսուցիչների համար՝ որպես որակավորման թեստեր, տեսնենք քանի՞սը կհաղթահարի այդ քննությունը։ Մի քանի տարի առաջ նման անհեթեթ քննաթերթիկներ էին առաջարկվել հայոց լեզվի բուհական քննության ժամանակ․․․
Եվս մեկ առաջարկ․ ուսուցիչներին որակավորել ոչ թե հանձնաժողովների միջոցով, քանի որ միշտ առկա է «Իսկ ովքե՞ր են քննողները» հարցադրումը, որ կամա- ակամա ծնվում է այս ամբողջ անցուդարձերի ականատեսը լինելուց հետո, այլ հաշվի առնել, թե տվյալ ուսուցչի աշակերտներից քանի՞սն են մի քանի տարվա կտրվածքով բարձր գնահատական ստացել տվյալ առարկայից՝ առանց կրկնուսույցի մոտ պարապելու։ Այլապես ստացվում է, որ մեր՝ հարկատուներիս հաշվին և՛ պետության կողմից բարձրացվում է ուսուցչի աշխատավարձը (ինչի համար ուրախ եմ), և՛ միևնույն ժամանակ ստիպված ես դարձյալ կրկնուսույց փնտրել՝ այն էլ բարձր վճարվող թեստեր կազմածների շարքերում․․․»,-գրել է Սեյրանուհի Գեղամյանը։