ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում դիմավորել են աշխարհի տարբեր բուհերից ժամանած օտարերկրյա ուսանողներին

ԵՊՀ-ում դիմավորել են աշխարհի տարբեր բուհերից ժամանած օտարերկրյա ուսանողներին

ԵՊՀ-ում շարունակվում է տարբեր մշակույթների, լեզուների և գիտական հետաքրքրությունների տեր ուսանողների կրթության կազմակերպումը. այս կիսամյակում փոխանակման ծրագրերով համալսարանում իրենց ուսումնառությունը կշարունակեն աշխարհի տարբեր բուհերից ժամանած 50 ուսանողներ, հայտնում են Մայր բուհից։

Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ համալսարանում կազմակերպվել էր օտարերկրյա ուսանողների դիմավորման միջոցառում, որի ընթացքում ուսանողները ծանոթացել են ԵՊՀ ենթակառուցվածքներին, ֆակուլտետներին, կրթական և գնահատման համակարգին, ինչպես նաև համալսարանի ընձեռած հնարավորություններին:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա ուսանողների կրթության կազմակերպման բաժնի վարիչի տեղակալ Գրիշա Գասպարյանի խոսքով՝ ուսանողները Հայաստան են ժամանել «Էրազմուս+» և միջբուհական համագործակցության տարբեր ծրագրերի շրջանակում։

«Հյուրընկալված ուսանողների շարքում կան թե՛ բակալավրիատի, թե՛ մագիստրատուրայի ուսանողներ, ինչպես նաև ասպիրանտ: Նրանք այստեղ սովորում են անհատական կրթական ծրագրերով՝ ընտրում են այն առարկաները, որոնք համապատասխանում են իրենց մասնագիտությանը, և այն դասընթացները, որոնք արդեն ուսումնասիրում են իրենց բուհերում»,- ասաց նա:

Ուսանողներն ընտրել են առարկաներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, այդ թվում՝ Ռուս բանասիրության, Արևելագիտության, Ժուռնալիստիկայի, Միջազգային հարաբերությունների, Կենսաբանության, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետներից:

Այս կիսամյակում օտարերկրյա ուսանողների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է. ԵՊՀ են ժամանել ուսանողներ Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Գրիշա Գասպարյանը նշեց, որ ուսանողները ներկայացնում են հեղինակավոր բուհեր, այդ թվում՝ Փարիզի քաղաքագիտության ինստիտուտը, Բոլոնիայի, Վենետիկի Կա Ֆոսկարի, Ժնևի, Վարշավայի համալսարանները:

Օտարերկրյա ուսանողների համար կազմակերպվել էր նաև մշակութային ծրագիր: Նրանք այցելել են ԵՊՀ պատմության թանգարան՝ ծանոթանալով համալսարանի ավելի քան մեկդարյա պատմությանը, իսկ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մասնակցել են հատուկ իրենց համար կազմակերպված երաժշտական միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում «YSU Band»-ը ողջունել է տարբեր մշակույթների հանդիպումը՝ երաժշտական երեկոյի բացումն ազդարարելով «Բրոյի-բրոյի» հայկական ավանդական երգով: Խումբը հանդես եկավ նաև «Գալիս ես», «Բինգյոլ», «Նուբար», «Գութան», «I hate myself for loving you», «Another Brick in the Wall» և երաժշտական այլ կատարումներով: