ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ԵԹԿՊԻ-ի նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանը

ՀՀ ժողովրդական արտիստ, ԵԹԿՊԻ-ի նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանը

80 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հրաչյա Գասպարյանը հայ թատրոնի նշանավոր գործիչ էր, բեմադրիչ և մանկավարժ, որի ստեղծագործական և կրթական գործունեությունը նշանակալի դեր է ունեցել հայկական թատերարվեստի զարգացման և նոր սերնդի ձևավորման գործում։

Հրաչյա Գասպարյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 13-ին Ալավերդիում։ 1972 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։

Նրա ստեղծագործական ուղին սերտորեն կապված է եղել հայկական թատրոնի կարևոր հաստատություններին։ 1972-1974 թվականներին աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես ռեժիսոր, իսկ 1974-1992 թվականներին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ 1992 թվականից աշխատել է Համազգային թատրոնում, 1993 թվականից նշանակվել է գլխավոր ռեժիսոր։

Հրաչյա Գասպարյանը բեմադրել է հայ և համաշխարհային դրամատուրգիայի ստեղծագործություններ՝ առանձնանալով դրամատուրգիական նյութի ինքնատիպ մեկնաբանությամբ, դերասանական աշխատանքի նկատմամբ հետևողական մոտեցմամբ և արտահայտիչ բեմական լուծումներով։ Նրա բեմադրություններից են Վ. Կորոստիլյուկի «Փիրոսմանին», Գ. Սարգսյանի «Հորովելը», Ա. Դուդարևի «Երեկոն», Ս. Մրոժեկի «Մարդակերները», Ն. Սայմոնի «Շիկացած սիրեկանը», Հովհաննես Թումանյանի ստեղծագործության հիման վրա «Անբան Հուռին», Մոլիերի «Տարտյուֆը»։

Բեմադրական գործունեություն է իրականացրել նաև Հայաստանի և արտերկրի այլ թատրոններում՝ աշխատելով Օդեսայի դրամատիկական թատրոնում, Երևանի պետական թատրոնում և հեռուստաթատրոնում։ 1989 թվականին Ս. Մրոժեկի «Մարդակերները» բեմադրության համար արժանացել է Լեհական դրամատուրգիայի միջազգային փառատոնի Առաջին մրցանակին։

Հրաչյա Գասպարյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ կարևոր ներդրում ունենալով հայ ռեժիսորական և թատերական դպրոցի ձևավորման գործում։ 1998-2006 թվականներին եղել է ինստիտուտի պրոռեկտոր, իսկ 2006-2011 թվականներին՝ ռեկտոր։ 2003 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա մանկավարժական գործունեությունը կարևոր դեր է ունեցել թատերարվեստի ոլորտում մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանցման ու նոր սերնդի մասնագետների պատրաստման գործում։

Հրաչյա Գասպարյանի ստեղծագործական և մասնագիտական վաստակը բարձր գնահատականի է արժանացել։ 2004 թվականին նրան շնորհվել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, իսկ 2011 թվականին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում։ 2010 թվականին Անտոն Չեխովի «Հոբելյան» բեմադրության համար արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի։

Հրաչյա Գասպարյանը՝ որպես դերասան, խաղացել է նաև կինոյում՝ մասնակցելով «Արձակուրդ ծովափին», «Քառյակ», «Երեք նավազներ տոթ անապատում» ֆիլմերի, ինչպես նաև «Շիրազի վարդը» և «Լեռները կհիշեն» հեռուստատեսային նախագծերի ստեղծմանը։

Հրաչյա Գասպարյանի շուրջ հինգ տասնամյակ ընդգրկող ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը նշանակալի ներդրում է հայկական թատերարվեստի զարգացման, մասնագիտական ավանդույթների պահպանման և թատերական նոր սերնդի ձևավորման գործում։ Նրա ստեղծագործական ժառանգությունն իր արժանի տեղն ունի հայ թատրոնի պատմության մեջ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին և հարազատներին և տեղեկացնում, որ ստեղծվելու է հուղարկավորության կառավարական հանձնաժողով։