ԳլխավորԼուր

ԵԹԿՊԻ-ն «Ժամանակակից պար» մասնագիտացմամբ կրկնակի դիպլոմ է շնորհում՝ համագործակցելով ֆրանսիացիաների հետ

Պարի դաս՝ թատերականում

2024-2025 ուսումնական տարվա ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտական կրթական ծրագրով բացվել է «Ժամանակակից պար» մասնագիտացմամբ հեռակա կուրս՝ Ֆրանսիայի ACTS/Ecole de danse contemporaine Paris  պարարվեստի ակադեմիայի հետ համատեղ, կրկնակի դիպլոմի շնորհմամբ։ Այս մասին Usanogh.am-ին հայտնում են ԵԹԿՊԻ-ից։  Բուհը նպատակ ունի զարգացնել նորարարական մոտեցումներ ժամանակակից պարի ոլորտում՝ պատրաստելով բարձրակարգ մասնագետներ, որոնք կկարողանան նաև նոր գեղարվեստական ուղղություններ գտնել։ Առաջին կուրսի ընդունելությունը կատարվել է 2024 թվականի աշնանը, այժմ մեկնարկել են ինտենսիվ դասընթացները։

Ժամանակակից պար մասնագիտացմամբ հեռակա կուրսի դասախոսական կազմում են ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և Ֆրանսիայից:  Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի նախագահ Ֆրեդերիկ Ալեն Օդեգոնի վստահեցմամբ՝ ժամանակակից պարի ուղղությունը հայ երիտասարդներին առաջարկում է բարձրորակ կրթություն ժամանակակից պարի ոլորտում, որը համապատասխանում է միջազգային պահանջներին։ Սակայն այստեղ սովորելու համար պահանջվում է վճռականություն և հոգատար մոտեցում:

Պարի դաս՝ թատերականում

Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Գրեհեմի տեխնիկայի վարպետ Պասկուալինա Նոյելի խոսքով՝ ժամանակակից պարարվեստում գոյություն ունեն մարմնի հետ աշխատանքի բազմաթիվ մոտեցումներ։ Մեր խնդիրն է ուսանողներին պատրաստել հնարավորինս ամբողջական կերպով, որպեսզի նրանք զգան իրենց ազատ և ինքնավստահ՝ թե՛ որպես կատարողներ, թե՛ որպես խորեոգրաֆներ, ընդգծում է նա:

SUMMEET ժամանակակից պարի միջազգային  փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար, նախագծի համակարգող, ԵԹԿՊԻ-ի դասախոս Վալերիա Կասպարովան էլ հավաստիացնում է՝ պրոֆեսիոնալ պարող դառնալու համար անհրաժեշտ է ամբողջական նվիրվածություն՝ ուսումնական գործընթացի ողջ ընթացքում:

ACTS/Ecole de danse contemporaine Paris-ը առանձնանում է Ֆրանսիայում իր խիստ ուսուցմամբ, մրցունակ կրթական ծրագրով, որը կենտրոնացած է տեխնիկական և գեղարվեստական գերազանցության, ինտելեկտուալ զարգացման և բեմական հիանալի հարմարվողականության վրա՝ հաստատելով իր դիրքը որպես կատարողական արվեստների կրթական կենտրոն։

Նախագիծն իրականություն է դարձել SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնի հետ սերտ համագործակցության արդյունքում և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործուն աջակցությամբ։