ԳլխավորԼուր

Ազգային գրադարանում բացվել է ընթերցասրահ սահմանափակ կարողություններով ընթերցողների համար

Ազգային գրադարանում բացվել է ընթերցասրահ սահմանափակ կարողություններով ընթերցողների համար

Հայաստանի ազգային գրադարանի առաջին հարկում նոր ընթերցասրահ է բացվել՝  նախատեսված սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ընթերցասրահը ստեղծվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ որպես հատուկ նախագիծ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար:

«Աջակից ընթերցասրահ» խորհրդանշական անվանումով այս միջավայրում յուրաքանչյուր ընթերցող կարող է հավասար հիմունքներով և իր կարիքներին համապատասխան օգտվել գրադարանի ռեսուրսներից, կրթական և մշակութային հնարավորություններից։ Ընթերցասրահը համալրված է ձայնագրքերով, Բրայլյան գրատիպով և այլընտրանքային հրատարակություններով, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։

Ընթերցասրահի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները՝ եղբայրը՝ Ադամ Այվազյանը, նրա կինը և թոռները, Ազգային գրադարանի ընթերցողները, աշխատակիցները, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան ներկայացուցիչները։

Ծիածան (Ջիա) Այվազյանի ընտանիքի անդամները ևս  հանդես են եկել ելույթներով։

Ներկայացվել է նաև Ծիածան (Ջիա) Այվազյանի  գործունեությունը։ Նա նախկինում շուրջ 11000 կտոր գրականություն է նվիրաբերել գրադարանին: Հայ գրադարանավարների հետ ունեցած սերտ համագործակցության և գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար 1991 թվականին Հայաստանի ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews