Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը, որը մեր եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է ու նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին։
Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում` կիրակի օրը: Տոնը նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:
Խաչվերացի կամ Սըրբխեչի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Տոնը կոչել են նաև Ուլնոց: Խորոված ուլը կոչվում է «խրովու», իսկ ուլի ճարպով ներծծված ձավարի փլավը` «քաշկակ»: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Տոնին նվիրված կերակրատեսակներից են` ուլի խորովուն, մշոշը, ղափաման,գաթան, ոսպով շորվան:
Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ:
Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին`հետները ունենալով մրգեղեն, հատկապես խաղող, ձմերուկ, խմորեղեն, կաթնասեր, կանաչեղեն, պանիր: Այդ օրը գերեզմանատուն տարվող մրգերը «նան ու տրի» էին կոչում:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


