2026թ․-ի սեպտեմբերի 22–26-ին անցկացված «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը համախմբեց կրթական հաստատություններին, ընտանիքներին և համայնքներին՝ գիտությունը մարդկանց առօրյային մոտեցնելու շուրջ։ «Գիտուժ»-ի կազմակերպած այս նախաձեռնությունն ընթանում էր «Հետազոտողն ապրում է յուրաքանչյուրիս մեջ» գաղափարով։
Շաբաթվա ծրագրերին միացել է ավելին քան 400 դպրոց և մանկապարտեզ ողջ Հայաստանից՝ հնարավորություն տալով իր սաներին հետազոտելու հետաքրքրությունը զարգացնել հենց սեփական կրթական միջավայրում։
Գիտությունը բացահայտելու հնարավորությունները շարունակվել են նաև առցանց․ շաբաթվա ընդամենը հինգ օրում գիտական խաղերը խաղացել են ընդհանուր առմամբ ավելին քան 700 անգամ։ Իսկ մարզերում՝ ԿԳՄՍՆ երիտասարդական կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ, անցկացվել են «Հայաստանի նորարարության պատմությունները» ֆիլմաշարի ցուցադրությունները՝ Հայաստանի գիտության և նորարարության պատմությունները հասցնելով համայնքների երիտասարդներին։
Գիտությունն ու ստեղծագործական երևակայությունը միավորել է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, որին ներկայացվել է ավելի քան 50 ստեղծագործություն։ Հաղթողների աշխատանքներն արդեն հրապարակված են «Գիտության շաբաթվա» կայքում․ դրանք հնարավորէ կարդալ առցանց կամ ներբեռնել։
Գիտության շաբաթվա ծրագրին միացավ նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած «Հայաստանում Եվրոպական հետազոտողների գիշեր»՝ ERNA փառատոնը, որի գլխավոր գործընկերը «Գիտուժ» նախաձեռնությունն էր։
«Գիտության շաբաթը խրախուսում է հետաքրքրասիրությունը, քննադատական մտածողությունը, ստեղծագործությունն ու խնդիրների լուծումը։ Այն օգնում է, որ գիտությունը դառնա առօրյա զրույցների մաս դպրոցներում, ընտանիքներում, համայնքներում և հանրային տարածքներում։ Մեզ համար գիտությունը մտածելակերպ է, հանրային մշակույթ և ազգային առաջնահերթություն», — նշել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։
Գիտության շաբաթն ավարտվել է, սակայն դրա ուսումնաօժանդակ նյութերն ու խաղերը շարունակելու են հասանելի մնալ՝ ապահովելով նախաձեռնության շարունակական ազդեցությունը։ Առցանց խաղերը կարելի է շարունակել խաղալ, իսկ աշխատանքային գրքույկները՝ ներբեռնել և օգտագործել ամբողջ տարվա ընթացքում՝ դպրոցում, մանկապարտեզում կամ ընտանիքում։ Խաղերը, գրքույկներն ու մրցույթի հաղթողների պատմվածքները հասանելի են armsciweek.am կայքում։





