ԳլխավորԼուր

Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Ըմբիշ Կարեն Ասլանյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնությունում: Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում 8։4 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամմադլիին ու հռչակվել աշխարհի չեմպիոն։

Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության է հասել ռումինացի մրցակցի նկատմամբ, ապա 1/8 եզրափակչում 8։0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին։ Քառորդ եզրափակչում Ասլանյանը 9։0 հաշվով հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 12:4 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալին՝ վճռորոշ գոտեմարտում 4։1 հաշվով առավելության հասնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ։

67 կգ քաշային, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն էլ երրորդ տեղի համար պայքարում գոտեմարտել է Կուբայի ներկայացուցիչ Օրտա Սանչեսի հետ և 6։8 հաշվով զիջել մրցակցին։

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունն ավարտել են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի Աստանա քաղաքում։

Հայաստանը ներկայացել է 16 ըմբիշներով, որոնցից 10–ը հունահռոմեական ոճում, իսկ 6–ը` ազատ ոճում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Ըմբիշ Կարեն Ասլանյան
Ըմբիշ Կարեն Ասլանյան

Ըմբիշ Կարեն Ասլանյան