12-րդ դասարանի սովորողներն այսօր հանձնել են 2025-2026 ուսումնական տարվա առաջին փուլի պետական ավարտական վերջին քննությունը «Հայոց պատմություն» առարկայից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Քննության ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 2 ավագ դպրոց: Նա շրջել է քննասենյակներում, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպմանը, զրուցել աշակերտների հետ: Արաքսիա Սվաջյանը բոլորին հաջողություն է մաղթել՝ հույս հայտնելով, որ նրանք կհաղթահարեն քննության դրական շեմը:
Երևանի թիվ 2 ավագ դպրոցում սովորում է 430 աշակերտ, որոնցից 130-ը՝ 12-րդ դասարանում: «Հայոց պատմություն» առարկայից ավարտական քննություն է հանձնել 100 սովորող:
Արաքսիա Սվաջյանը շրջել է նաև դասասենյակներում, զրուցել աշակերտների և մանկավարժների հետ: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն աշակերտները, արդյոք առարկայական ծրագրերը նպաստու՞մ են գիտելիքի լիարժեք յուրացմանը:
Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին:
2025-2026 ուսումնական տարվա առաջին փուլի պետական ավարտական քնությունները մեկնարկել են հունվարի 8-ին («Հայոց լեզու և հայ գրականություն»), ամսի 12-ին «Մաթեմատիկա»-ի օրն էր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






