Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ադրբեջանական կորպուսը ծուղակն է ընկել ու ջախջախիչ հարվածներ է ստանում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում: Ներկայացնում ենք այն ստորև.

РБК — Դուք վերադարձել եք Լեռնային Ղարաբաղից։ Ինչպիսի՞ իրադրություն է հիմա այնտեղ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ես եղա Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Ստեփանակերտը գործնականում շուրջօրյա գտնվում է հրթիռակոծության տակ և այնտեղ, իհարկե, տուժում են խաղաղ բնակիչները։ Եվ դա դուրս է բոլոր սահմաններից: Դուք հասկանու՞մ եք՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մասը լինի, և եթե նրանք իսկապես մտածում են, թե ղարաբաղցիներն ու ադրբեջանցիները կարող են ապրել կողք կողքի, ապա ստացվում է, որ նրանք ավերում են իրենց իսկ քաղաքները։ Եկեք փորձենք հասկանալ Իլհամ Ալիևի (Ադրբեջանի նախագահի — ՌԲԿ) մտքերի ընթացքը։ Նա կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրե՞ն Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով:

— Ադրբեջանը վերջին օրերին հայտարարում է ռազմաճակատում ունեցած հաջողությունների, մասնավորապես՝ շփման գծում մի քանի գյուղեր գրավելու մասին։ Դա ճի՞շտ է։

— Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։

– Ինչո՞ւ եք այդպես ասում։

— Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում։

 — Տվյալներ կա՞ն ադրբեջանական կողմի կորուստների մասին:

— Այո, կան տվյալներ, արդեն կա Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, և շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի:

— Մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։ Հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում:

— Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here