ԳլխավորԼուր

Ագրարային համալսարանի դասախոսներն ու ուսանողները բողոքում են. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի 2–րդ մասնաշենքը` 40 լսարան ու լաբորատորիա վերցնելու և Հայաստանում ֆրանսիական համալսարանին տալու` կառավարության նախագծին համաձայն չեն դասախոսներն ու ուսանողները։

Նրանք երթով գնացել են կառավարության շենք։

Նշենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում ընդգրկված է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Հայաստանում ֆրանսիական համալսարանին տարածք հատկացնելու մասին նախագիծ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամներից գույք հետ վերցնելու, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» և «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու, այլ տարածքներ համատեղ օգտագործելու մասին)։

«Այդ նախագիծը եթե որոշում դառնա և օտարվեն այդ տարածքները, կխաթարվի Ագրարային համալսարանի բնականոն գործունեությունը, որովհետև այդ պարագայում շուրջ 40 լսարան տրամադրվելու է Հայաստանում ֆրանսիական համալսարանին, և շուրջ 1300 ուսանողի համար ֆիզիկապես անհնարին կլինի ուսումնական պարապմունքներ կազմակերպելը»,–լրագրողներին ասաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմենակ Տեր-Գրիգորյանը։

Նա հավելեց, որ այդ մասնաշենքում են տեղակայված եզակի կարևորության լաբորատորիաներ, որոնց տեղափոխումն անհնար է:

Դասախոս Արա Ամիրյանը մտահոգություն հայտնեց, որ խոսակցությունները, թե համալսարանների շենքերը հյուրանոցներ կդառնան, կարող են ճիշտ լինել։ Նա նաև ընդգծեց, որ նման նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ հարցն իրենցից որևէ մեկի հետ չի քննարկվել։