Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել է 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 228 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների առաջնությունում:
Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (55 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ):
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։