ԳլխավորԼուր

Ագրարային համալսարանից տարածք տրամադրվեց Ֆրանսիական համալսարանին

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ամրացված առաջին մասնաշենքից տարածք տրամադրվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանին։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է երկու համալսարաների փոխհամաձայնությամբ։

«Նախատեսվում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանին տրամադրված տարածքի, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ օգտագործվելիք տարածքների, ինչպես օրինակ՝ համատեղ օգտագործվող կենտրոնական շքամուտք, աստիճանավանդակ, վերելակ, մարզադահլիճ, ճաշարան, մեծ դահլիճ, մեծ դահլիճի նախամուտք, վերանորոգում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջոցներով»,– ասված է որոշման մեջ:

Միաժամանակ նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1–ի մասնաշենքի 5–րդ հարկում տեղակայված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին գործունեության համար անհրաժեշտ տարածք տրամադրել «Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարան» հիմնադրամին հատկացված տարածքից:

Հիշեցնենք` Հայաստանի ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը դեմ են, որ համալսարանի մասնաշենքից տարածք տրամադրվի Ֆրանսիական համալսարանին։ Նրանք երթով համալսարանից առավոտյան կառավարության մոտ էին եկել։

Ավելի վաղ ՀՀ կառավարության` սեպտեմբերի 26–ի որոշմամբ էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 1–ին հարկի տարածքն էր տրամադրվել Ֆրանսիական ինստիտուտին` 10 տարի ժամկետով։