Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի բազմաշերտ մշակման համար միջազգային GMP ընկերության հետ կնքվել է 850 հազար եվրոյի պայմանագիր, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ հատակագծի մշակման գործընթացին մասնակցել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որին փոխանցվել է մոտ 200 միլիոն դրամ:
«Այս պահին էլ քաղաքի հետ կապված այլ աշխատանքների մասով կան կնքված պայմանագրեր, որոնց գումարները դեռ չեն փոխանցվել»,- ասաց Սիմոնյանը։
Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, այդտեղ հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։
Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ:
Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի աշնանը, որից հետո մեկնարկելու է կառուցապատման առաջին փուլը. նախնական գնահատմամբ՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2030 թվականին: