ԳլխավորԼուր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ

Հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ:

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ Անհայտ կորածներին նվիրված հուշարձանի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել  Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։

Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատվելուց հետո՝ 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ, հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեն։

Իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո միայն Լեռնային Ղարաբաղի տարածքի բնակիչներից անհայտ կորած է համարվում մոտ 700 մարդ։  Կարմիր խաչի տվյալներով, այդ պատերազմում հայերի ու ադրբեջանցիների անհայտ կորածների ընդհանուր թիվը 4-5 հազար է։

Comment here