Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակն է։
Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, ընտանիքի անդամները, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մի շարք մտավորականներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Վարպետի հիշատակին: Միջոցառմանը նախորդել է քայլերթ, որին մասնակցել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենը, աշխատակիցները, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի աշակերտները, Իսահակյանի գրական ժառանգության սիրահարներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ներկաները նշանավորել են Ավետիք Իսահակյանի կյանքն ու գործունեությունը, անցած ճանապարհը, ստեղծագործական վաստակը։ Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի սովորողները հնչեցրել են Վարպետի խոսքն ու ասմունքել բանաստեղծություններից հատվածներ: Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի և «Հայ մյուզիք բենդի» սաները (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան) հանդես են եկել երգեցողությամբ՝ կատարելով Իսահակյանի խոսքերով գրված երգեր:
Ալֆրեդ Քոչարյանը հայտնել է՝ հոբելյանական միջոցառումները մեկնարկել են Լայպցիգում, որտեղ երիտասարդ տարիներին բանաստեղծի ապրած տան պատին տեղադրվել է հուշատախտակ: Իսահակյանի գործերը ներկայացվել են Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառում։ Նման հուշատախտակ կտեղադրվի նաև Վենետիկում, իսկ Ֆրանսիայի ԻՆԱԼԿՕ համալսարանում և Թեհրանում իրականացվում են «Աբու Լալա Մահարի» պոեմի նոր թարգմանությունների շնորհանդեսներ՝ ի վկայություն Իսահակյանի համամարդկային արժեքների արդիականության։
Ավիկ Իսահակյանն էլ է անդրադարձել Վարպետի գրական ժառանգությանը, մասնավորապես՝ «Աբու Լալա Մահարի» պոեմին՝ հավելելով, որ բազմաթիվ անգամներ ընթերցելով այն՝ միևնույն է՝ ամեն անգամ գրական այս գործը նոր հույզեր և բացահայտումներ է բերում:
Հաջորդիվ՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել «Մի մկան պատմություն» պատկերազարդ, խոսող խաղ-գրքի շնորհանդես, որի ընթացքում ելույթ են ունեցել Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի և «Հայ մյուզիք բենդի» սաները (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան), «Արև մոդելս» ՀԿ-ի սաները (հատուկ մանկավարժ՝ Զեմֆիրա Եգանյան)։ Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև նկարիչ Արա Հովսեփյանի հեղինակած Իսահակյանի դիմանկարի նվիրատվությունը թանգարանին:
Թանգարանը միջոցառման մասնակիցներին և հյուրերին հյուրասիրել է կաթով սուրճ և թխվածք, որը Վարպետի սիրելի քաղցրավենիքն է եղել։






