Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:
Ինչպես նշվում է բյուրոյի հայտարարության մեջ, փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ինչպիսիք են վթարների թվի աճը և փոխհատուցման ծավալների ավելացումը, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացումը, ծառայությունների որակի բարձրացման ձգտումը: Որոշման վրա ազդել է նաև ավտոմեքենաների վերանորոգման արժեքի ավելացումը, պահեստամասերի թանկացումը և այլն ։
Նշվում է նաև, որ համակարգի շահագործման ընթացքում դրական պատմություն ունեցող ապահովադիրներին տրվող բոնուսները զգալիորեն գերազանցել են բացասական պատմություն ունեցող ապահովադիրներից ստացված մալուսային գումարները։ Դա հանգեցրել է բոնուս-մալուս համակարգի հավասարակշռության խաթարմանը։ Բոնուս-մալուսը զեղչերի համակարգ է, որը թույլ է տալիս հաշվարկել ԱՊՊԱ վկայագրի արժեքը` հաշվի առնելով ապահովադրի (հաճախորդի) ապահովագրական պատմությունը: Ապահովագրական դեպքերի բացակայության դեպքում տրամադրվում է զեղչ, իսկ դրանց առկայության դեպքում վկայագրի արժեքը բարձրանում է:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ընթացքում, այսինքն` 2010 թվականից սկսած, երբ երկրում ներդրվեց ԱՊՊԱ համակարգը, սակագների աճի վրա վերոհիշյալ գործոններից բխող ճնշումները չեզոքացվել են հիմնականում համակարգի ներքին բարեփոխումների և տեխնոլոգիական բարելավումների հաշվին։ Բայց գոյություն ունի նաև իրավիճակի հակառակ կողմը. գների մշտական պահպանումը հանգեցրել է համակարգի աշխատանքի որակի վատթարացմանը, ապահովագրողները սկսել են ավելի ցածր գնահատել վնասի արժեքը, ուշացումով վճարել փոխհատուցումները և այլն: Իսկ հիմա նշվում է, որ իրավիճակի շտկումը սակագների վերանայում է պահանջում:
Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։
Ինչպես հայտնի է, ավտոմեքենայի ապահովագրության վերջնական արժեքի հաշվարկման ժամանակ բազային գումարը բազմապատկվում է մի շարք գործակիցներով։