2025 թվականի հունիսի 21-22-ին Լոռվա ձորում՝ Մարցում, 3-րդ անգամ կայացավ արդեն ավանդական դարձած լեռնարշավային առաջնությունը՝ «Արահետ»-ը, որի շուրջ միավորվել էին հայոց լեռներն ու բնությունը սիրող 150 մասնակիցներ՝ 25 թիմերի կազմում, 70 կամավորներ և բազում հյուրեր։
«Բարձունք» կրթական շարժման այս նախաձեռնությունը հռչակված է որպես Հայաստանի առաջին և միակ լեռնարշավային առաջնություն։ Սակայն այն ոչ միայն առաջնություն է. ինչպես նշում է «Բարձունք»-ի առաջնորդող խորհրդի անդամ Գայանե Թունյանը․ ««Արահետ»-ը հայի էության վերածննդի ճանապարհն է։ Լեռների հետ հայ մարդու կենսական կապը վերականգնելով՝ մենք վերագտնում ենք հայրենատեր լինելու գիտակցությունն ու ուժը»։
Մասնակցությունն ընթանում է թիմային ձևաչափով՝ յուրաքանչյուր թիմում 6 հոգի: Թիմի խնդիրն է վերջնակետ հասնել ողջ կազմով։ Արշավախմբերը նախապես գրանցվում են և պատրաստվում երթուղին հաղթահարելու ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես։
Այս տարի մասնակից 25 արշավախմբերը առաջին անգամ հաղթահարեցին երկու երթուղի՝ պրոֆեսիոնալ (28 կմ) և սիրողական (11 կմ)՝ անցնելով Մարցից Եղնախաղաց ու Դժարասար։
Բացի երթուղուց՝ թիմերն իրենց ուժերը փորձեցին նաև հատուկ անվանակարգերում՝ թիրախի խոցում, քարտեզի իմացություն և լուսանկարչություն։
Նախագծի ղեկավար Մհեր Սանոսյանն ընդգծում է․
«Այս տարին առանձնահատուկ էր․ մենք առաջնությունը դարձրինք երկօրյա տոն՝ երկու երթուղով և, որ ամենակարևորն է, մեզ միացան մեծ թվով սիրողական թիմեր, պատանիներ, ովքեր նոր են բացահայտում լեռները՝ որպես ուժի, միասնության ու կամքը կոփելու աղբյուր։ Հենց սրան է ուղղված «Արահետ-ը»»։
Առաջնության երկու օրերը ուղեկցվեցին մշակութային միջոցառումներով։ Վահագ Ռաշն ու Լիլիթ Պիպոյանը հուզեցին ներկաներին իրենց երգերով, իսկ լեռնարշավորդ Գեղամ Օհանյանի խոսքն արձագանքեց յուրաքանչյուր մասնակցի սրտում՝ հիշեցնելով, թե ինչպիսի արմատներ ունի հայն այս հողում ու այս լեռներում։ «Վարը Վարենկ»-ի ազգային երգերն ու պարերը, «Խնկէնի»-ի ձեռագործ վարպետության արհեստանոցը, մարցեցիների ներգրավվածությունը տոնն ամբողջական դարձրին։
«Խարույկ» արշավական ակումբի ավագ Արան ասում է․ «Հաղթանակի բանալին մեր թիմային միասնությունն էր։ Իսկ ամենակարևորը՝ բոլորիս միավորող փորձառությունն ու երթուղու նախապես հետախուզումները»։
Երկօրյա առաջնության արդյունքում առաջատարների բարձունքներին հասան՝
Պրոֆեսիոնալ երթուղի
- «Խարույկ» արշավական ակումբ
- TriClub EVN-ի «Համեստներ»
- «North Peak» Mountain Club
Սիրողական երթուղի
- ArmGeo Runners
- «ԶԱՐԿ» ծրագիր
- Սեբաստացիներ
Լրացուցիչ մրցանակներ
- Լուսանկարչություն – «Լավաշ» տուր
- Թիրախի խոցում – «Լավաշ» տուր
- Քարտեզի իմացություն – Հայքի շառավիղներ
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews