ԳլխավորՀայաստանս

Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, ՀՅԴ անդամ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Վանի նահանգապետ Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան) ծննդյան օրն է (19.03.1879-29.01.1919)։

Ըստ ժամանակակիցների՝ Արամ Մանուկյանն իր նախաձեռնություններում անձնական շահախնդրություն երբեք չի հետապնդել։ Իրատես ու շրջահայաց, նպատակասլաց ու հետևողական, կազմակերպչական բացառիկ ձիրք, անկոտրում կամք և իր ժողովրդի ճակատագրի հանդեպ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործիչը առաջիններից էր, որ հասկացավ` հայն իր պայքարում պետք է հույսը դնի բացառապես իր ուժերի, ազգային ինքնակազմակերպման վրա:

Որպես նախարար էլ Արամ Մանուկյանը ժողովրդի սիրելին էր: Նա զուսպ ու համեստ, անտրտունջ կրել է սեփական ժողովրդի ցավերն ու դժվարությունները, հրաժարվել է բոլոր արտոնություններից, որոնցից կառավարության անդամները կարող էին օգտվել: Հրաժարվել է նաև ծառայողական ավտոմեքենայից: Դեռևս Վանում, երբ նրան այցելում է ընկերը` ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը, զարմանում է նրա կենցաղավարության վրա: Հետագայում Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում գրում է. «…Չորս պատ, չորս աթոռ, ո′չ սեղան, ո′չ էլ մահճակալ…»:  Ժամանակակիցները պատմում են, որ նույնքան անշուք է եղել նաև Արամ Մանուկյանի Երևանի բնակարանը: Երբ ընկերներն այդ մասին դիտողություն են արել, նա պատասխանել է` «Դատարկ բաներով մի′ մտահոգվեք»:

«Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը և խօսեցէք ձեր խղճի հետ և ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»,-գրել է Նիկոլ Աղբալյանը:

Comment here