Էջմիածնի Տիգրան Մեծ փողոցի պուրակում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշարձան, հայտնում են քաղաքապետարանից:
Պուրակի հատվածը բարեկարգվել եւ հուշարձանը տեղադրվել է պատերազմում զոհված շարքային Վահե Ասատրյանի հոր՝ Արմեն Ասատրյանի ջանքերով եւ հովանավորչությամբ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին եւ լայնամասշտաբ զինված հարձակմանը Վահեն մասնակցել է առաջին պահից. 22 օր աննահանջ պայքար է մղել Մատաղիսում, իսկ հոկտեմբերի 23-ից՝ մասնակցել Արցախի Մարտունու շրջանի Ուլյանասար կոչվող բարձունքի պաշտպանությանը: Զոհվել է հոկտեմբերի 30-ին։
Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» եւ «Արիության» մեդալներով:
Այսօր Վահեն կդառնար 21 տարեկան:
Հուշարձանի բացմանը ներկա էին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հարազատներ եւ համայնքի բնակիչներ:
Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ հուշարձանի բացումը կատարեցին Վահե Ասատրյանի մանկության եւ զինակից ընկերներն ու նրանց քույրերը:
Ինչպես նշեց հուշարձանի հեղինակ Կամսար Վարդանյանը՝ զոհերի հիշատակը հավերժացնող այս հուշարձանը ապրելու խորհուրդ ունի. մենք պարտք ունենք մեր զոհված քաջերի առաջ՝ ապրելու եւ արարելու այն հողում, որի համար նրանք չխնայեցին իրենց կյանքը: