ԳլխավորԼուր

Գլենդելում բացվել է առաջին «Արմաթ» կրթական կենտրոնը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գլենդելում տեղի է ունեցել առաջին «Արմաթ» կրթական կենտրոնի բացումը, մեկնարկել են դասընթացները: Աշխատանոցը գործում է Գլենդելի Academy USA կենտրոնում, հայտնում են ԱՏՁՄ հանրային կապերի բաժնից։

ԱՏՁՄ պատվիրակությունն «Արմաթ» ազգային կրթական ծրագրի ներկայացման արշավի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների եւ կազմակերպությունների հետ։ Ներկայացվել է կրթական ծրագիրը՝ որպես համահայկական կարեւոր նախագիծ եւ հարթակ։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Կալիֆոռնիայի հայկական տեխնոլոգիական ընկերություններում, որոնց մեծ մասը միության անդամներ են` Sada, Service Titan, Disqo, BluIP, Zero Systems։ «Արմաթ» ծրագրի նախորդ տարիների հաջողությունն ու ապագա ծրագրերը ներկայացվել է նաեւ միության անդամ եւ «Արմաթ» ծրագրի գործընկեր VMWare ընկերության ղեկավարությանը:

Քննարկվել են գործակցության հեռանկարները տեխնոլոգիական աշխարհի մի քանի տասնյակ գործարարների, տեխնոլոգիական համայնքի կազմակերպությունների հետ։

«Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակությունը գլխավորել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Գլենդելում բացվել է առաջին «Արմաթ» կրթական կենտրոնը

«Կարեւոր սկիզբ է աշխարհի երկրորդ հայաշատ կենտրոնում ծրագիրը տարածելու՝ երեխաներին միավորելով միասնական կրթական հարթակում։ Մյուս կողմից սա նաեւ պետք է նպաստի մեր երեխաների կրթական հետաքրքրություններին եւ մասնագիտական կողմնորոշմանը, որը չափազանց կարեւոր է ժամանակակից եւ հատկապես ապագա աշխարհում, որտեղ պետք է ապրեն մեր երեխաները։ Համոզված եմ, որ հաջորդ լաբորատորիաների բացումը ուշացնել չի տա։

Արմաթն այլեւս համահայկական, եւ նույնիսկ միջազգային կրթական ծրագիր է` աշխարհում լավագույններից: Մենք ներկա ենք Քուվեյթի, Փարիզի եւ Գլենդելի հայկական կենտրոններում, ինչպես նաեւ Վրաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում եւ Բանգլադեշում։ 622 կրթական կենտրոնը մեծ հաջողություն է, սակայն Հայաստանի երեխաների կեսից ավելին դեռեւս հնարավորություն չունի հաճախելու Արմաթ լաբորատորիաներ։ Մենք չենք կարող եւս 10 տարի սպասել մինչեւ լուծվի այս խնդիրը, քանի որ դա կարող ենք անել շատ ավելի արագ, եթե բոլորիս ջանքերը համատեղենք այս նպատակի շուրջ»,-նշել է Հայկ Չոբանյանը:

Հայկ Չոբանյանը տեղեկացրել է նաև ԱՄՆ-ում համապատասխան հիմնադրամի ստեղծման մասին, որը նպատակ ունի մեծացնել դրամահավաքը` ծրագրի ամբողջական, համահայկական տարածվածության հանգրվանին օր առաջ հասնելու համար:

Հիշեցնենք, որ այս տարի «Արմաթ» ազգային կրթական ծրագիրը նպատակ ունի ևս 50 նոր աշխատանոց բացել Հայաստանում: Առաջնահերթ Հայաստանի հարավային մարզերի դպրոցներն են։