ԳլխավորԼուր

Արցախի պետական համալսարանում ամբիոնների վարիչներ են ընտրվել

Հունիսի 29-ին կայացել է ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որին ներկա էր նաև ԱՀ ԿԳՄ նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանը,տեղեկանում ենք համալսարանի կայքից։

Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը գիտխորհրդի կազմի անունից շնորհավորել է նորանշանակ նախարարին`մաղթելով արդյունավետ գործունեություն:

Օրակարգի առաջին հարցով սահմանվել են ԱրՊՀ 2020-2021 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, հայցորդության ուսման վճարի տարեկան չափերը:

ԱրՊՀ հավատարմագրման գործընթացի մասին տեղեկատվություն է ներկայացրել որակի ապահովման բաժնի վարիչ Հասմիկ Մինասյանը` նշելով, որ արդեն կատարվել են հիմնական աշխատանքները և դրանք  գնտվում են ավարտական փուլում: Խոսելով աշխատանքների ավարտական փուլի մասին` Հ. Մինասյանն ընդգծել է, որ այն առավելապես կապված է արտակարգ իրավիճակում ԱրՊՀ կողմից առցանց եղանակով ուսումնական գործընթացի կազմակերպման  ուղղությամբ իրականացված աշխատանքների և դրանց ներկայացման հետ:

2019-2020 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի  պաշտպանության արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը: Պրոռեկտորը ներկայացրել է հիմնական ցուցանիշները` խոսելով նաև թերացումների մասին:

ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում նշել է, որ COVID-19-ը իր հետ բերել է նոր ռազմավարություններ մշակելու մարտահրավերներ: Նրա խոսքով` իրենց պարտականությունները բարեխղճորեն չկատարող դասախոսների ծանրաբեռնվածությունը պետք է վերանայել նոր ուսումնականից:

Գիտխորհուրդը օրակարգի հաջորդ հարցերով տպագրության է երաշխավորել ԱրՊՀ «Գիտական տեղեկագիր» պարբերականի հերթական համարը, հաստատել գիտխորհրդի կազմում փոփոխություն կատարելու մասին հարցը, անցկացրել ԱրՊՀ տնտեսագիտության տեսության և կառավարման, պատմության և քաղաքագիտության ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների մրցույթը:

Քվեարկության արդյունքում ԱրՊՀ տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ է ընտրվել տ.գ.թ., դոցենտ Շուշան Ասրյանը, պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ` պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը:

Գիտխորհուրդը հաստատել է  նաև Իսկուհի Նիկոլայի Ավանեսյանին դոցենտի կոչում շնորհելու և այն ԲՈԿ-ի վավերացմանն ուղարկելու մասին հարցը:

Comment here